Skip to content Skip to footer

Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի նոր հրատարակությունը՝ գրքի ոդիսականի մասին ծանոթագրություններով

Եվ այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ: Սովորական մարդկանց մասին, բայց ոչ սովորական ձեռագրով է գրված Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը, որը 6 հրատարակություն է ունեցել, 4-ը՝ հեղինակի կենդանության, երկուսը՝ մահից հետո: Մեծ գրողի այս վեպը հաճախ համեմատել են Գոգոլի «Մեռած հոգիների» հետ:

Տիգրան Մանսուրյան (կոմպոզիտոր) — Գիրքը ամբողջությամբ մեր ապրած իրականությունն է՝ թե՛ հարյուրամյակների, թե՛ այսօրվա: Սա գրականությունից շատ ավելին է. այդքան մերձեցում գրականության և ապրվող իրականության, այդպիսի երևույթ անհնար է երկրորդը հայ գրականության մեջ ճանաչել: 

«Երկիր Նաիրին» Չարենցի խմբագրմամբ հրատարակվել է 1932 թվականին: Հետագայում հրատարակիչները վեպը գրաքննել ու կրճատել են: Խմբագիրը այս նոր հրատարակության վրա աշխատել է շուրջ 7 տարի: Թագուհի Ղազարյանը ծանոթագրություններում է մանրամասն ներկայացրել, թե 9 տասնամյակի ընթացքում ինչ փոփոխությունների է ենթարկվել վեպը:

Թագուհի Ղազարյան («Երկիր Նաիրի» գրքի խմբագիր, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր— Ընթերցողներն իրենք կարող են վերլուծել, իրենք կարող են մտածել, եզրահանգել, թե ինչու, օրինակ, Չարենցն առաջին հրատարակությունից դեպի երկրորդ այս բառը փոխեց, այս նախադասությունը, այս անվանումը, և ինչու, օրինակ, սովետական շրջանում 55-ին, 66-ին խմբագիրները որոշեցին փոխել կոնտեքստը, բառերը, նախադասությունները, հանել կտորներ, ներմուծել նախադասություններ: 

«Վերնատուն» հրատարակչությունը ավելի վաղ ընթերցողի սեղանին էր դրել Չարենցի ևս երկու գիրք՝ «Երևանի ուղղիչ տնից» ինքնակենսագրականն ու «Լուսամփոփի պես աղջիկ» ժողովածուն: Ոչ սովորական շապիկով այս գրքերը նվեր են ընթերցողին Չարենցի 125-ամյակի առթիվ:

Արմեն Սարգսյան («Վերնատուն» հրատարակչության գլխավոր խմբագիր) — Չարենցը անժամանցելի արժեք է, և միշտ է ակտուալ լինելու Չարենց հրատարակել, որովհետև այսօր կարդում ես Չարենցի տեքստերը, ասես գրված լինեն այսօրվա մասին, ասես գրված լինեն այսօրվա լեզվով»:

Կրթության փոխնախարարն ասում է՝ «Երկիր Նաիրիի» այս տարբերակը պետք է ընթերցել բաց վերքի ֆոնին, ասել է թե՝ պատերազմից հետո, երբ գոյաբանական ընտրության խնդիր կա, իսկ Չարենցն այս ստեղծագործությամբ տալիս է այդ ընտրությունը:

Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) — Հոբելյանական տարին կլիներ թերի, եթե սեղանին չդրվեր ահա այս աշխատությունը: Այն աշխատությունը, որը տեսել և մտածել է Չարենցը, որովհետև ամենամնայուն բանն ի վերջո գիրքն է, գրականությունն է: 

«Երկիր Նաիրիի» այս հրատարակությունը 500 տպաքանակ ունի: Արմեն Սարգսյանը հույս ունի, որ նախորդ երկու գրքի պես այս մեկն էլ կդառնա սեղանի գիրք:

Հեղինակ`Հովհաննես Վարդանյան